Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ի գիտություն բուժաշխատողների

ՀՀ ԱՆ. Ի գիտություն բուժաշխատողների

Բուժաշխատողների մասնագիտական որակավորումը բարձրացնելու, նրանց գործնական հմտություններ հաղորդելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանում ներդրվել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ, որն իրականացվում է այդ գործընթացի անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ:
 
Գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և հմտությունների գնահատման հիման վրա: Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:
 
Շարունակական մասնագիտական զարգացման բազմաձևությունն ապահովելու համար այն ներառում է հետևյալ տեսակները.
 
1. տեսական գիտելիքի զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտական, գիտագործնական գիտաժողովներին և համագումարներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.
 
2. գործնական հմտությունների զարգացում՝ աշխատավայրում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.
 
3. ինքնակրթություն և ինքնազարգացում` հեռավար կամ առցանց դասընթացների մասնակցության և (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման միջոցով:
 
Շարունակական մասնագիտական զարգացման գործունեությունը և շնորհվող ՇՄԶ կրեդիտները հնգամյա փուլում պետք է լրացվեն գործունեության երեք տեսակներից և կազմեն`
 

  • ավագ բուժաշխատողների համար` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագետների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.
  • միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագործների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետներ, որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

 
Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը և շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության տեսակներին ներկայացվող պահանջները սահմանվել են առողջապահության նախարարի 2017 թվականի մայիսի 6-ի թիվ 1491–Ա հրամանով:
 
Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2015 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունված օրենքով սահմանված կարգով` 2021 թվականից սկսած` այն բուժաշխատողները, որոնք մինչ այդ հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։
 
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ ենթակետի համաձայն` ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ բուժաշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հաջորդ հինգ տարվա համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:
 
ՇՄԶ հավաստագիրը (բացառությամբ վերապահումով հավաստագրի) տրվում է, եթե բուժաշխատողը լրացրել է սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը և վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
 
Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` ոչ ինքնուրույն, հսկողության ներքո իրականացվող` չբավարարող աշխատանքային մասնագիտական ստաժը լրացնելու պայմանով, որի փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում տրվում է ՇՄԶ հավաստագիր:
 
Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը չհավաքելու դեպքում տրվում է վերապահումով հավաստագիր` չբավարարող ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնելու պայմանով:
 
ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե բուժաշխատողը չի ապահովել օրենքով սահմանված վերը նշված պահանջները:
Հավաստագրման կազմակերպման, իրականացման, հավաստագրերի և վերապահումով հավաստագրի տրամադրման կարգը, դրանց ձևերը սահմանվելու են լրացուցիչ` ՀՀ կառավարության որոշմամբ:
 
Բուժաշխատողների հավաստագրումն իրականացնելու է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ